Վանաձորում փլվել է տան արտաքին պատը

Տանը առկա է նաև պատի ամբողջական և տանիքի մասնակի փլուզման վտանգ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Վանաձորում ամբողջությամբ փլվել է տան արտաքին պատը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 22-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս.թ մայիսի 21-ին ժամը 21:00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 17 տանը տեղի է ունեցել պատի ամբողջական փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մայիսի 21-ին ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Տ. Գ.-ին պատկանող թիվ 17 տան արտաքին պատը`մոտ 30 քմ-ից մոտ 2 խմ, ինչի հետևանքով վնասվել են տանիքի փայտյա կառուցատարրերը. առկա է վերը նշված պատի ամբողջական և տանիքի մասնակի փլուզման վտանգ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Վանաձորի քաղաքապետին, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի ավագ մասնագետին և ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներին: