ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Ծառուկյան» խմբակցությունում չկա պատգամավոր, որն իր պաշտոնական դիրքը ծառայեցնում է բիզնեսին: Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով նոր կառավարության նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարին հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Պետրոսյանը չբացառեց, որ կուսակցության շարքային անդամների մեջ կարող են լինել այդպիսիք, բայց կուսակցությունն ու առավել ևս խմբակցությունը նրանց համար որևէ պատասխանատվություն չեն կրում:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող նոր մարզպետների նշանակումներին` Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ-ում այդ հարցը դեռ չի քննարկվել:
«Բոլոր մարզերում էլ ԲՀԿ-ն ունի պատկառելի ներգրավվածություն, բոլոր մարզերում էլ ունենք կենսունակ գործող կառույցներ»,- ասաց Պետրոսյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում կառավարությունը նախատեսում է փոխել նաև մարզպետներին: