Հինգ կետ, որոնց շուրջ ՀՀԿ–ն որևէ սակարկության չի գնա Փաշինյանի հետ

Շարմազանովը հավաստիացրել է, որ իրենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքը, բայց կան ծրագրային կետեր, որոնք նույնիսկ քննարկման և սակարկման ենթական չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննարկման ենթակա չէ: Այս մասին այսօր Ազգային Ժողովում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա հավաստիացրել է, որ իրենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքը, բայց կան  մի շարք ծրագրային կետեր, որոնք նույնիսկ քննարկման և սակարկման ենթական չեն իրենց համար.

ՀՀԿ պատգամավորը Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետ չի համարում

«Դրանք են` ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության և այլակարծության զարգացումը: Ակնհայտ է, որ բոլոր թերություններով հանդերձ, մեր կառավարման շրջանում դրանք զարգացել են, և նոր իշխանություններին չէր խանգարի այլակարծության, բազմակարծության և հանդուրժողականության հարցերում ընդօրինակել այդ մոտեցումը: Այլակարծության բացակայությունն ու մերժումը ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա:

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննարկման ենթակա չէ: Սա ոչ թե տարածքային հակամարտություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի և ազատության պայքար, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես Ադրբեջանի հետ հակամարտության կողմ, այլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:

Ազգային անվտանգության և բանակաշինության խնդիրները առաջնային են մեզ համար: Իմ խորին համոզմամբ մի կողմից իրական ժողովրդավարական, մյուս կողմից իրական ազգային ավանդական և քրիստոնեական արժեքները ոչ թե հակադրելի են, այլ համադրելի: Մենք շարունակելու ենք աջակցել և արժևորել ավանդական ազգային ընտանեկան արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ միևնույն ժամանակ հարգելով դիմացինի մշակույթն ու ազգային ավանդույթները:

Ինչպե՞ս լքել ՀՀԿ–ն. նախարարը դիմել է ուսուցիչներին ու խնդրել «զիբիլատառ» նամակ չգրել

Տնտեսության դիվերսիֆիկացում և տնտեսական աճի տեմպերի պահպանում և զարգացում: Հիշեցնեմ, որ մեր կառավարությունը նոր կառավարությանը փոխանցել է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր: Եվ ակնկալում ենք նոր կառավարությունից ոչ պակաս քան  նման զարգացման տեմպերի ապահովում:

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին պետք է պահպանվի և խորացվի: Արձանագրենք, որ շատ կարճ ժամանակում նորանշանակ վարչապետը փոխեց և սրբագրեց իր նախկին դիրքորոշումը և ընդունեց, որ այդ կառույցներին անդամակցումը ոչ միայն չի սպառնում մեր անվտանգությանը, ինչպես ինքն էր նշում նախկինում, այլ ընդհակառակը»,–իրենց պահանջներն են թվարկել արդեն ընդդիմության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:

Նա ավելացրել է, նաև, որ որպես ազգային պահպանողական քաղաքական ուժ, իրենք շարունակելու ենք գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի`լինելով կառավարության գործընկերը, բայց ոչ երբեք կցորդը: