ՀՀ իշխանություններն առաջին անգամ են ընդունում, որ երկրում քաղբանտարկյալներ կան. Իշխանյան

Իրավապաշտպանն արդարացված է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, որը ասում է, թե քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը պետք է լուծվի իրավական ճանապարհով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի –Sputnik. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ են իշխանություններն ընդունում, որ երկրում քաղբանտարկյալներ կան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Միևնույն ժամանակ, նա ճիշտ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ով ասում է, թե քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը պետք է լուծվի իրավական ճանապարհով։

«Սասնա ծռերին» դատարանի շենքից դուրս են բերել կեսգիշերին

«Փաշինյանը ճիշտ է, երբ ասում է, որ ինքը դատավոր չէ, դատախազ չէ և քննիչ չէ։ Հետևաբար, դատավորներին որևէ ցուցումներ տալ չի պատրաստվում։ Սակայն այստեղ փակուղային իրավիճակ է ստեղծվում, քանի որ դատավորները հենց ցուցումի են սպասում` քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար», – նշեց Իշխանյանը։

Հայաստանում քաղբանտարկյալներին երկու խմբի պետք է բաժանել, կարծում է  իրավապաշտպանը։ Առաջին խումբը «խղճի բանտարկյալներն» են` Ժիրայր Սեֆիլյան, Գևորգ Սաֆարյան, Կարո Եղնուկյանը, Հայկ Կյուրեղյան։

«Նրանց ազատազրկման ժամկետը խոսում է քրեական գործերի քաղաքական ենթատեքստի մասին։ Նրանց պետք է ազատել»,–, համոզված է Իշխանյանը։

Երկրորդը «Սասնա ծռեր» զինված խումբն է, որը 2016 թվականի հուլիսին գրավել էր Երևանի ոստիկանության ՊՊԾ գունդը։ Նրանք զինված հեղաշրջման փորձ էին իրականացրել, սակայն  նրանց գործողությունների արդյունքում եղան մարդկային զոհեր։  Հետևաբար, պետք է պահանջել արդար դատավարություն անցկացնել։

Նախկին իշխանության օրոք արդար քննությունն անհնար էր, կարծում է Իշխանյանը։ Այսօր իրավիճակը երկրում արմատապես փոխվել է, հետևաբար, պետք է որակապես այլ իրավական մոտեցման հույս ունենալ։