Դեմետրիս Սիլուրիսը Փաշինյանին խոստացել է աջակցել վիզաների ազատականացման գործընթացում

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն անհրաժեշտ է համարել 2 երկրների միջև գործարար կապերի սերտացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրները տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ունեն ընդհանուր տեսակետներ: Կարևորում ենք Կիպրոսի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը դռնփակ նիստ է անցկացրել. ի՞նչ է քննարկվել փակ դռների հետևում

Վարչապետը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կիպրոսի դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացմամբ և կարևորել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Վստահ եղեք, որ մենք Եվրոպական միությունում կստանձնենք Հայաստանի ներկայացուցչի դերը և կփորձենք քայլեր իրականացնել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ու վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ»,- ասել է Դեմետրիս Սիլուրիսը: Վերջինս հեռանկարային է համարել համագործակցության ընդլայնումը անվտանգության, տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում և ավելացրել, որ դրան կարող է էապես նպաստել Կիպրոսի հայ համայնքը: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ու այս բնագավառում համագործակցության դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացումը: