ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կզբաղվի «պլագիատի» խնդիրը լուծելու, ինչպես նաև դիպլոմային, կուրսային և այլ աշխատանքները «գնելու» հարցերով։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Այսօր Հայաստանում շատերը հատուկ կայքերում գտնում են ուրիշի աշխատանքը և պարզապես արտատպում են այն, կամ գումար են տալիս մեկին, և նա ուսանողի կամ ասպիրանտի փոխարեն գրում է այդ աշխատանքը։
«Լինելով ԵՊՀ-ի դասախոս` բազմաթիվ անգամ եմ բախվել այդ խնդրին։ Կարծում եմ` ժամանակն է, որ ամբիոններն ու դասախոսները լրջորեն զբաղվեն այդ հարցով», — ասաց նախարարը։
Նախարարը համոզված է, որ գրագողության դեմ պայքարելու հարցում կարող է օգնել գիտական աշխատանքների թվայնացումը։ Այդ դեպքում կարելի է անմիջապես պարզել` «պատվերով» է գրվել, որևէ տեղից արտատպվել է, թե ինքնուրույն աշխատանք է։
Նախարարը նաև կոչ արեց քաղաքացիներին զինվել համբերությամբ։ Կախարդական փայտիկ չունեցող նախարարության համար առաջնահերթ են իրավական խնդիրները։