Ընդդիմադիր ՀՀԿ–ն քննադատում է գործադիր իշխանությանն ու դրա ղեկավարին

ԱԺ–ում այսօր հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավորը քննադատել է կառավարության ղեկավարին` բազմակարծությունը ճնշելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ինձ համար մտահոգիչ է, երբ գործադիր իշխանության ղեկավարը կարծում է, թե երբ մարզպետներին ասի` պետք է հրաժարական տաք, նրանք պետք է հրաժարական տան։ Այսօր ԱԺ–ի ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը` Նիկոլ Փաշինյանին մեղադրելով Սահմանադրության պահանջները խախտելու մեջ։

Աշոտյանին մտահոգել է նաև ԿԳ նախարարի հայտարարությունը` դպրոցների ապաքաղաքականացման վերաբերյալ։

Հինգ կետ, որոնց շուրջ ՀՀԿ–ն որևէ սակարկության չի գնա Փաշինյանի հետ

«Ինձ մտահոգում է, որ ԿԳ նախարարն իր աշխատասենյակից ուղիղ եթերով քաղաքական կոնսուլտացիաներ է ձևակերպում` քաղաքական ուղղորդում կատարելով»,– ասաց Աշոտյանն ու հավելեց. «Այն մարդիկ, ովքեր դարձել են մեր կուսակցության անդամ, գիտեն ինչպես պետք է դուրս գան կուսակցությունից ու գիտեն` ինչպես մտնել կուսակցություն, եթե նման ցանկություն ունեն»։

ՀՀԿ–ական պատգամավորին մտահոգել է նաև Նիկոլ Փաշինյանի խոսքը` ուղղված պաշտպանության նախկին նախարարին, որտեղ վերջինը կոչ էր արել իր աշխատասենյակից իրենց խորհուրդներ չտալ։Արմեն Աշոտյանին մտահոգել են նաև բազմակարծության արտահայտությունների ճնշման փաստերը։ Նրա խոսքով` գործող իշխանության հասցեին քննադատական կարծիք հայտնող սոցկայքերի օգտատերերն արժանանում են իշխանության համակիրների պատասխան քննադատությանը։