ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հայաստանը հաստատակամ է որևէ հատվածում դիրքային փոփոխություն թույլ չտալու հարցում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` անդրադառնալով Նախիջևանի միջադեպին։
«Այս ուղերձն է ընկած ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված այցի հիմքում», — ասաց Բալայանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարն արդեն հայտնել է, որ ադրբեջանական կողմից իրականացվում են աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են հանդիսանում մեր դիրքերի համար:
«Իրավիճակին տեղում ծանոթանալը ենթադրում է համապատասխան աշխատանք: Մենք բազմիցս զգուշացրել ենք թե՛ ադրբեջանական կողմին, թե՛ միջնորդներին, որ այդ աշխատանքները լարում են իրավիճակն ու կարող են առաջացնել անցանկալի զոհեր»,-ասաց Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 20-ին մարտական առաջադրանքի իրականացնելիս «հակառակորդի հերթական սադրանքը կանխելու ընթացքում» հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում մահացել է զինվոր Թաթարով Ադիլ Ալի օղլին։