Ինչպե՞ս լքել ՀՀԿ–ն. նախարարը դիմել է ուսուցիչներին ու խնդրել «զիբիլատառ» նամակ չգրել

ՀՀ կրթության և գիտության նախարարը խոստանում է գնալ բոլոր հարցերի հետևից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին  դիմում են ուսուցիչները և հարցնում` ինչպե՞ս դուրս գանք Հանրապետական կուսակցությունից։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում քայլ առ քայլ բացատրել է, թե ինչ պետք է անեն ուսուցիչները։

Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը

«Գնում եք Հանրապետական կուսակցության ձեր մասնաճյուղ, դիմում եք գրում կամ ձեզ հետ գրած տանում եք դիմումի երկու օրինակ։ Մեկը տալիս եք իրենց, մեկն էլ տալիս եք` մակագրեն, որ ստացել են ձեր դիմումը։ Հանկարծ եթե կլինեն լացուկոծեր, թե դուրս մի եկեք, Հանրապետական կուսակցությունը վերադառնալու է և այլն (այդպիսի խոսակցություններ եղել են, պատահական չեմ ասում), վերցրեք այդ նամակները և պատվիրված նամակով ուղարկեք այդ նույն մասնաճյուղ և դուրս կգաք Հանրապետական կուսակցությունից»,- ասել է նախարարը։

Նա տեղեկություն ունի, որ շատ դպրոցներում, որտեղ կան հանրապետական ուսուցիչներ, աշխատավարձի հետ նաև անդամավճար են գանձում։ Հարությունյանը չգիտի` ինչ մեխանիզմներով են դա անում։ Նա նշել է, որ որոշ դպրոցներիդ դեպքում թերևս պետք է ստուգել։

«Այն հեքիաթները, թե մենք վերադառնալու ենք, ամեն ինչ հին ձևով է լինելու, ոչ մի բան էլ նախկինի պես չի լինելու։ Դուք ձեր դիմումներով Հանրապետական կուսակցությանը կդարձնեք անցյալ»,- շեշտել է նախարարը։

Հարությունյանը խնդրել է նաև, որ եթե շատ հրատապ չէ, առաջիկա 4-5 օրերին իրեն նամակ չգրեն։

«Որովհետև նամակների, հաղորդագրությունների, զանգերի թիվն անցնում է մի քանի հազարը, ու մենք չենք կարողանում հրատապ հարցերին լուծումներ տալ։ Դրանից համ ձեր խնդիրներն են կորչում արանքում, համ չեն լուծվում օպերատիվ խնդիրները»,- նշել է նա։

Հարությունյանը խոստացել է, որ բոլոր հարցերի հետևից կգնան, ուղղակի եթե դրանք հրատապ չեն, խնդրում է պահել «զինանոցում»։

«Հրատապ հարցերի հետ կապված խնդրում եմ անել հետևյալը. ես հրապարակում եմ այն էլեկտրոնայի փոստի հասցեն, որին կուղարկեք խնդիրները` հրատապ խնդիրները, հրատապ, էլի եմ կրկնում։ Այդ էլեկտրոնային հասցեն է problem@edu.am: Այդ հասցեին ուղարկում եք բացառապես հայատառ նամակներ, բացառապես։ Ուրիշ նամակներ` լատինատառ, կիրիլիցայով, զիբիլատառ հայերենով, չեն ընդունվելու, միայն հայատառ եք գրում»,- շեշտել է նախարարը։

Նրա խոսքով` պարտադիր պետք է նշել, թե ինչ խնդիր է` դպրոց, բուհ, քոլեջ, միջին մասնագիտական, մանկապարտեզ։