Ալբանիայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի

Ալբանիայի մայրաքաղաքում կոմունիստական հուշարձանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կվերածեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի Ալբանիայի կենտրոնում։ Այս մասին հայտնում է հոլանդական հանրահայտ MVRDV ընկերության կայքը։

«Թումոն» դարի հմտությունները կփոխանցի զինվորներին

Ալբանիայի մայրաքաղաքի Միջազգային մշակութային կենտրոնի շենքը, որը բնակիչների շրջանում ավելի հայտնի է Բուրգ անունով, երկար ժամանակ դատարկ է մնացել։ Կոմունիստական այս հուշարձանը 11 800 քառակուսի մետր տարածք ունի։

Քաղաքապետ Էրիոն Վելիայը վստահեցնում է, որ նախագիծը լիովին իրականացվելու է 2019 թվականի հուլիսին։ Հաշվի առնելով Բուրգի վատ համբավը (այնտեղ երիտասարդներ են հավաքվում, անգործությունից բարձրանում են շենքի վրա ու հաճախ անվայել արարքներ թույլ տալիս)` երեխաների անվճար ուսուցման կենտրոնը հենց այստեղ է բացվելու։

Հայաստանում գործող ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը համակարգելու է նախագծի զարգացումը, քանի որ Բուրգի շենքը տրամադրել են հենց անվճար ուսումնական կենտրոն բացելու համար։

Այսպիսով MVRDV ճարտարապետական բյուրոն ու Տիրանայի քաղաքային իշխանությունները հույս ունեն քաղաքի ակտիվ երիտասարդության ուշադրությունը շեղել գիտության ու տեխնոլոգիաների ուղղությամբ։