Թուրքական դատարանը 104 մարդու ցմահ ազատազրկման դատապարտեց

Իզմիր քաղաքի դատարանում 208 մարդու գործեր են քննել` կապված 2016 թվականի հեղաշրջման փորձի հետ։ Մեղադրյալների կեսին ցմահ բանտարկության են դատապարտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Թուրքական դատարանը 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով ցմահ բանտարկության է դատապարտել 104 մարդու, այդ թվում` բանակի սպաների։ Դատարանի առաջ 208 մարդ է կանգնել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sabah թերթին։

Այդ մարդկանցից 104-ի դատավճիռը կայացվել է «սահմանադրության խախտում» ու «ահաբեկչական կազմակերպության անդամակցություն» մեղադրանքով (խոսքը Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության մասին է, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում):

Բացի այդ, 21 մարդու 20 տարվա ազատազրկման են դատապարտել խռովության ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանին գահընկեց անելու փորձին մասնակցելու մեղադրանքով։

2016 թվականի հուլիսի 16-ին խռովարարները ռազմական հեղաշրջման փորձ արեցին Թուրքիայում։ Դրանից հետո ավելի քան 75 հազար մարդու ձերբակալեցին, ավելի քան 150 հազար պետծառայողի ազատեցին աշխատանքից։ Հեղաշրջման փորձում իշխանությունները մեղադրում են FETO կազմակերպությանը։ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է մեղադրանքները։