Սևծովյան տնտեսական վեհաժողովում հայերն ու ուկրաինացիները վիճել են, վրացիները՝ շահել

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայերն ու ուկրաինացիները հակառակ առաջարկներն են արել: Ընդունվել է վրացիների առաջարկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մայիսի 15-ին Հայաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները խանգարել են միմյանց: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Հայաստանը փորձում է կանխել սևծովյան համագործակցությունը քաղաքականացնելու փորձերը

Նրա խոսքով՝ հայկական կողմն առաջարկել է, որպեսզի ՍԾՏՀ–ն շարունակի մնալ զուտ տնտեսական կառույց և դրանում բացառվի քաղաքական ուղղվածությունը։ Ուկրաինական կողմն էլ առաջարկել է նշանակություն տալ պետական սահմանների անխախտելիությանը և տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերին։ Գագիկ Մինասյանն իր խոսքում հիշեցրեց, որ թե՛ ՍԾՏՀ քաղաքականացումը և թե՛ տարածքային ամբողջականության հարցերը, որպես կանոն, առաջ են քաշում Թուրքիան ու Ադրբեջանը: Հայաստանը դրանց միշտ դեմ է լինում:

«Արդյունքում ո՛չ մերն ընդունվեց, ո՛չ նրանցը: Անհրաժեշտ ձայներ չեղան»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ ընդունվեց վրացական կողմի առաջարկությունը: Այդուհանդերձ, հայկական կողմը ընդունված փաստաթղթից դժգոհ չէ: Մինասյանի բնորոշմամբ՝ այն բալանսավորված փաստաթուղթ է:

Հայաստանյան խորհրդարանականների համար հաջորդ կարևոր հարցը 2019-ին նախանշված վեհաժողովի գլխավոր քարտուղարի ընտրություններն են: Հայկական պատվիրակության խնդիրն է, որ դրանք չանցկացվեն Բաքվում: Ընտրությունների անցկացման համար նախապես առանձնացվել է 3 քաղաք՝ Երևանը, Բաքուն և Սոֆիան:

«Քանի որ մեր պատվիրակները չեն մասնակցում Բաքվում տեղի ունեցող համաժողովներին՝ անվտանգությունն ադրբեջանական կողմից երաշխավորված չլինելու պատճառով, մենք աշխատանքներ ենք տանում, որ գլխավոր քարտուղարի ընտրությունները տեղի ունենան գոնե Սոֆիայում», — ասաց Գագիկ Մինասյանը։ Ի դեպ, այժմ վեհաժողովի գլխավոր քարտուղարն Ադրբեջանի ներկայացուցիչն է:

ՍԾՏՀ–ն տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների կողմից։ Հայաստանից ՍԾՏՀ 15-րդ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գեորգիսյանը։ Պատվիրակության 4-րդ անդամը՝ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն, այլևս պատգամավոր չէ: