Բանակային խաղեր և «Պատրիոտ». հայ զինվորականները Ռուսաստան են մեկնել

Հայաստանի պատվիրակները կլինեն Պենզայում, Կոստրոմայում, Նովոսիբիրսկում և, իհարկե, Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ — վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում` «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում և ՌԴ ԶՈՒ ականազերծման միջազգային կենտրոնում անցկացվող ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նաև մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ տարածքում` Պենզա, Կոստրոմա, Նովոսիբիրսկ, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների պլանավորված միջոցառումների անցկացման վայրերի տեղազննմանը: