20 տարեկան երիտասարդին սպանել են ավտոտնակում. սարսափելի սպանության նոր մանրամասները

Սպանությունը տեղի է ունեցել ավտոտնակում, հետո դին տեղափոխել են այլ թաղամաս և այրել՝ հետքերը թաքցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Քննիչները պարզել են 20-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը, բավարար փաստական տվյալներ են ձեռք բերել, որ սպանությունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, որից հետո դին տեղափոխվել է՝ հետքերը թաքցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ո՞վ է երիտասարդին կապել մետաղալարերով ու այրել. Երևանում կատարված սպանության մանրամասները

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել էր երիտասարդ տղամարդու դի՝ մետաղական լարով կապված և այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։

Մահացածը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է՝ ծնված 1998թ-ին։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա երիտասարդի սպանությունն իրականում տեղի է ունեցել ավտոտնակում։ Առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ դանակով հարվածներ է հասցրել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ դիակի վրա լցնելով յուղ և բենզին այրել է:

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա պատմել է դեպքի հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: