Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ներկա են եղել Վազգեն Սարգսյանի մոր հուղարկավորությանը

Արարատում այսօր տեղի է ունեցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությունը։ Ներկա են եղել ներկա ու նախկին պաշտոնյաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորությանն այսօր մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախկին վարչապետներ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը։

Նրանք հուղարկավորության արարողությանը մասնակցել են տարբեր ժամերի և միմյանց չեն հանդիպել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատում գտնվող Սարգսյանների տուն է այցելել կնոջ` Աննա Հակոբյանի և ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ։

Սերժ Սարգսյանին ուղեկցել են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նրանք ցավակցություն են հայտնել Վազգեն Սարգսյանի եղբայրներին Արամ և Արմեն Սարգսյաններին։

Հուղարկավորությանը ներկա են եղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և այլք: Գրետա Սարգսյանը հուղարկավորվել է որդու`Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում: