Ո՞վ է կրակել 19–ամյա զինծառայողին` կպարզի քննչական կոմիտեն

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածները ստուգելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները:

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ` մայիսի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին (մուտքային) և գլխի գագաթային (ելքային) շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ: