Երբ CNN–ի հաղորդավարը վայելել է հայկական ղափաման, Ադրբեջանը ուշիուշով հետևել է նրան

Ամերիկացի Էնթոնի Բուրդենին հիացրել են հայկական ղափաման ու խաշը։ Նա նաև «անզգուշաբար» այցելել է Արցախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենն իր Parts Unknown հաղորդման հերթական եթերը նվիրել է Հայաստանին։ Eater պարբերականի թղթակից Գրեգ Մորաբիտոն էլ պատմել է, թե ինչ տպավորություն է ստացել գործընկերոջ ռեպորտաժից։

«Բուրդենն իր որոշ հաղորդումներն առատության եղջյուրի է վերածում, լցնում խոհարարական «ստեղծագործությունների» գերող պատկերներով։ Բայց Հայաստանի մասին ռեպորտաժը մի փոքր այլ էր։ Իր պատմությունը նա չի մոռացել համեմել խաշի գոլորշու, ղափամայի և ևս մի քանի տասնյակ կերակրատեսակների ոգով։ Նա երկար պատմում է նաև այդ երկրի դժվար պատմությունը», — գրում է պարբերականը։

Մորաբիտոն անդրադառնում է նաև Բուդենի ուղեկցին` System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանին` նշելով, որ ինչպես հայերից շատերի, այնպես էլ Թանկյանի նախնիները Ցեղասպանության տարիներին լքել են հայրենիքը։

«Ամբողջ աշխարհի հայերը հայրենիքի հետ ուժեղ կապ ունեն։ Հայաստանի և երկրի բարեկեցության համար դա շատ կարևոր է», — ասում է Բուրդենը։

Նա չի մոռացել նաև Արցախ այցելել, մեկնել է հին Մի-8-ով։

Բաքվի «սև ցուցակը» խոչընդոտ չէ. հայտնի շեֆ խոհարար Բուրդենը CNN–ով կներկայացնի Արցախը

Ահա նրա ուղևորության ամենահիշվող պահերը։

Ամենահիանալի ուտեստը, իհարկե, ղափաման է` չամիչով, չրերով ու բրնձով լցոնած դդումը։ Բուրդենն այն համտեսել է Թանկյանի ընկերների` Մարիամ Մովսիսյանի և Նազարեթ Սեֆերյանի տանը։

Լավագույն ընթրիքի մասին երկու հուշ է մնացել` գառան սրունքը, որը Բուրդենը համտեսել է Երևանի ռեստորաններից մեկում, և փրթած լավաշով խաշը` Դիլիջանի ռեստորաններից մեկում։

Բուրդենն այցելել է նաև «Թումո» կենտրոն և նկարահանել, թե ինչպես են մի քանի դպրոցականներ ռոքնռոլ նվագում։ Նա վստահ է, որ այս կենտրոնը հիանալի օրինակ է ուսանողներին գիտությանը, տեխնոլոգիաներին և ժամանակակից արվեստին հաղորդակից դարձնելու համար։

Բուրդենն ու Թանկյանը Դիլիջան են մեկնել խորհրդային տարիների շքեղության մարմնացում համարվող «Վոլգայով»։

Երևանում նա լսել է տարեցների պատմությունները, խորհրդային տարիների կյանքի մասին հարցուփորձ է արել Սերժ Թանկյանի ծանոթներից մեկի տատին։ Այսօ՞ր է կյանքն ավելի լավը, թե՞ առաջ։ «Դժվար է ասել», — պատասխանել է տատը։

Արցախից վերադառնալուց հետո Բուրդենն իմացել է, որ հարևան Ադրբեջանում անցանկալի անձ է դարձել։

Ադրբեջանն անուշադրության չի մատնել ամերիկացու ճանապարհորդությունը, և նա հայտնվել է հարևան երկրի «սև ցուցակում» ընդգրկված հայտնի անձանց կողքին։