Անմխիթար վիճակագրություն. Վրաստանում աճել է ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը

ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի համաշխարհային օրվա կապակցությամբ Վրաստանում հրապարակել է հիվանդների վիճակագրությունը։ Սակայն փորձագետները հերքում են այդ թիվը` պնդելով, որ իրականում վարակվածների թիվն ավելի մեծ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Վրաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թվի աճ է արձանագրվել տարեսկզբին, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնի նյութերին։

Այսպես, օրինակ`տարեսկզբին հայտնաբերվել է ՄԻԱՎ-ով վարակվելու 250 նոր դեպք, վարակ ունեցողների գրանցված ընդհանուր թիվը գերազանցել է 7 հազարը։

Մոլորակը պայքարում է ՁԻԱՀ–ի դեմ. այն խլել է ավելի քան 37 միլիոն մարդու կյանք

2018 թվականի մայիսի 14-ի դրությամբ Վրաստանում ՄԻԱՎ վարակով գրանցված է ավելի քան 5.2 հազար տղամարդ և շուրջ 1.8 հազար կին։ Հիվանդների մեծամասնությունը` 29-40 տարեկան են։

Վերջին տվյալների համաձայն` Վրաստանում ՄԻԱՎ–ը ՁԻԱՀ–ի է վերածվել ավելի քան 3.7 հազար վարակվածների մոտ, ավելի քան 1.4 հազար մարդ մահացել է։

«Թեև, համաշխարհային վիճակագրության համաձայն` Վրաստանը պատկանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ցածր  տարածվածություն ունեցող երկրների թվին և վերջին տեղերից մեկն է զբաղեցնում այդ երկրների շարքում, բայց, ելնելով ՁԻԱՀ-ի համաճարակի օրինաչափությունից, ՄԻԱՎ-ով վարակվածների ենթադրյալ թիվը 7 հազար է կազմում։  Իսկ սա Վրաստանի նման երկրի համար, բավական լուրջ թիվ է», – գրված է հաղորդագրության մեջ։

Մեծամասնությունը (45,4%) վարակը ձեռք է բերել հետերոսեքսուալ ճանապարհով։ Նաև վարակը ձեռք է բերվել թմրանյութերի ներարկման հետևանքով (41,3%),  բիսեքսուալ շփումների միջոցով (10,7%), մորից (1,4%) և արյան փոխներարկման ճանապարհով (0,5%)։ Մյուս դեպքերի պատճառները հայտնի չեն։

Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու վրացի փորձագետները ենթադրում են, որ վարակակիրների իրական քանակն ավելի շատ է` մոտ 11 հազար։

Վրաստանում ՄԻԱՎ-ով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է 1989 թվականին։ 10 տարի անց` 1999 թվականին, նոր հիվանդների թիվը 35 էր, ևս 10 տարի անց` արդեն 344։ ՄԻԱՎ-ի գրանցված դեպքերի առավելագույն աճը եղել է 2015 և 2016 թվականներին` ավելի քան 700 նոր դեպք։