ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական ԱԷԿ-ի գեներատորները կկարողանան աշխատել նաև 2027 թվականից հետո։ Կայանի երկու գործող գեներատորները կփոխարինեն 2018-19 թվականներին։ Առաջին գեներատորն արդեն կայանում է, այս տարվա ընթացքում երկրորդն էլ կբերեն։ Երկուսն էլ նոր են, կատարելագործված։
Կայանի գործող էներգաբլոկը շահագործվում է 1980 թվականից։ Նախատեսվում է, որ մինչև 2027 թվական կայանը կշահագործվի, բայց ԱԷԿ-ի ղեկավարությունն ուզում է, որ այն ավելի երկար ժամանակ գործի։
Կայանի համար գեներատորներ է պատրաստում Սանկտ Պետերբուրգի «Սիլովիե մաշինի» ԲԲԸ-ն։ Պատրաստում են ԱԷԿ-2006-ի չափորոշիչներով։
«Իսկ այդպիսի չափորոշիչներով սարքավորման աշխատանքի ժամկետը 60 տարի է», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության վաճառքի փոխտնօրեն Իլյա Մուրոմցևը Սոչիում «Ատոմէքսպո-2018» միջազգային համաժողովում։
Իսկ ի՞նչ կարելի է անել գեներատորների հետ, եթե 2027 թվականին կայանի աշխատանքը դադարեցվի։ Մուրոմցևը պարզաբանեց, որ նույնիսկ այդ դեպքում էլ իրենց կարդարացնեն, որովհետև այդ մի քանի տարվա ընթացքում ավելի շատ էլեկտրականություն կարտադրեն։
Հիմնանորոգումից հետո` 2020 թվականին, վառելիքի նույն ծավալն ունեցող կայանը կկարողանա 10-12%-ով ավելի շատ էլեկտրականություն արտադրել։ Այս մասին ասաց ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։
«Մեզ կհաջողվի հասնել դրան նոր տուրբինների, գեներատորների ու սառեցման համակարգերի շնորհիվ», — ասաց նա։
Մոտ 50 միլիոն դոլարի սարքավորում է փոխվում, իսկ արտադրությունը կավելանա տարեկան մի քանի հարյուր միլիոն կիլովատ-ժամով։ Այդ պատճառով կայանի ղեկավարությունը հույս ունի, որ երկու-երեք տարվա ընթացքում գեներատորի ծախսերը կհանի։
«Իսկ կայանի ժամկետը մենք կարող ենք ավելի քան տասը տարով երկարացնել։ Երկարացման աշխատանքներ են իրականացվում Ռուսաստանում Կոլսկայա ու Նովովորոնեժսկայա ԱԷԿ-ներում և Հունգարիայում Պակշ ԱԷԿ-ում», — նշեց «Արմատոմ» ատոմակայանների շահագործման ԳՀԿ-ի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։
«Մենք ուսումնասիրել ենք կայանի մեքենաների սրահը։ Եկել ենք հետևյալ եզրահանգման․ բլոկի հին լինելու հետ կապված ոչ մի բարդություն չկա։ Իրականում կայանը դեռ երկար կարող է ծառայել», — հավելեց Մուրոմցևը։
ԱԷԿ-ի աշխատանքի երկարացման աշխատանքն իրականացվում է 270 միլիոն վարկային գծով ու Ռուսաստանի կառավարության տրամադրած 30 միլիոն դոլար դրամաշնորհով։ Աշխատանքը նախատեսվում է վերջացնել մինչև 2019 կամ 2020 թվականը, իսկ կայանի ծառայության նախագծային ժամկետը երկարացվել է մինչև 2027 թվական։ Հիմնանորոգման գլխավոր կապալառուն «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է, որն ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայում։