ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Երևանի բնակիչ, 20-ամյա Անդրեյ Խալիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Այս մասին տեղեկացնում է Shanshyan.com-ը։
Ա. Խալիլյանը, ով կասկածվում է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ, կալանավորվել է: Քրեական գործը կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն, քանի որ կասկածյալը ժամկետային զինծառայող է եղել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մայիսի 17-ին, ոստիկանության աշխատակիցները բացահայտել էին մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։ Նրա դին նեխած և գլխի շրջանում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։ Սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման էր ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանը։ Նա ժամկետային զինծառայող է, ծառայել է Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի մեջ է գտնվել։