Կրթության նախարարը Ֆեյսբուքով կոչ է անում աշակերտներին սոցիալական ցանցերից քիչ օգտվել

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ոչ թե պետք է սերիալներն արգելել, այլ զուգահեռ ավելի հետաքրքիր հաղորդումներ պետք է հեռարձակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Fecbook սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ աշակերտներին և ուսանողներին խորհուրդ է տալիս քիչ օգտվել սոցիալական ցանցերից։

«Վերջ ենք տալիս սերիալները նայելուն, odnoklassnik-ներին ենք վերջ տալիս: Քիչ ժամանակ տրամադրեք սոցիալական ցանցերին: Ինքնակրթվեք»,–խորհուրդ է տալիս նախարարն ու խոսում է պատանիների վրա սերիալների ու վատ հաղորդումների ազդեցությունից։

Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը

«Այս ընթացքում անընդհատ բողոքել են սերիալներից: Բայց ես դեմ եմ սերիալների արգելմանը։ Կարծում եմ, որ զուգահեռ դրանց պետք է ստեղծվեն հետաքրքիր հաղորդումներ, այլ բովանդակություն լինի, որ աշակերտներին հետաքրքիր լինի: Նոր բովանդակության ստեղծման պարագայում վստահաբար սերիալները ռեյտինգ չեն ունենա, դրանք նայող չի լինի։ Հեռուստաալիքները չեն գնի դրանք, չեն ցուցադրի, կլինեն կրթական ծրագրեր»,- ասում է Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ աշակերտների համար սովորելը հետաքրքիր պետք է լինի, և որ ԿԳՆ-ում աշխատող նոր թիմի համար կրթությունն ու դպրոցը հետաքրքիր դարձնելը կարևոր է: Բայց կարճ ժամանակում հնարավոր չէ ստեղծել այդ ամենը, աշխատանք պետք է տարվի։

«Գաղափար կա ցերեկային ժամերին ցուցադրել հետաքրքիր դասախոսություններ, բացատրություններ լինեն դասի հետ կապված, որպեսզի դպրոցական նյութը մարսելը հեշտ լինի»,- իր խոսքը եզրափակում է նախարարը: