Կարգազանց վարորդները «նկարվու՞մ» են, թե ոչ. ոստիկանության հայտարարությունը

Радар скорости
Ոստիկանությունն արագաչափերի և տեսանկարահանող սարքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը։

«Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը միաժամանակ պարզաբանում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը:

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները. դա օրենքի պահանջն է և բոլորիս անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում: