Սերժ Սարգսյանի եղբայրների «հետքերով» ոչ ոք Հայաստան չի եկել. Վանեցյանը հերքում է

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», — այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով aysor.am-ի հարցին, հայտարարել է Վանեցյանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ և Լևոն Սարգսյանների դեմ: Հետաքննիչները տեղեկություններ են հավաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ հարցաքննելով նրանցից տուժած գործարարներին: Ըստ նույն լուրերի` ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որը ևս իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ գործարարների է սնանկացրել՝ խլելով նրանց բիզնեսները և ունեցվածքը»: