Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրում է կառավարական առանձնատունը. տեսանյութ

ՀՀ վարչապետը խոստումը կատարեց և ցուցադրեց, թե ինչ տեսք ունի այն առանձնատունը, որտեղ տեղափոխվել է ընտանիքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցուցադրեց կառավարական այն առանձնատունը, որտեղ նախկինում ապրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Փաշինյանը նշեց, որ տարածքը վերանորոգվել է և կահավորվել, իրենք սեփական ոչինչ չունեն այդ առանձնատանը. ամբողջ գույքը պետական է։

Վարչապետ Փաշինյանն ասել է` ինչ ուտեստ ու խմիչք է նախընտրում. բացառիկ (լուսանկարներ)

Վարչապետը սենյակից սենյակ անցնելու ճանապարհին ցույց տվեց նաև փոքրիկ Արփիին ու կատակեց.

«Սա Արփին է` իմ անձնական երեխան, պետական չէ»։

Փաշինյանն անցավ աշխատասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով, ցույց տվեց տնտեսական հատվածը և բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ ննջարաններն էին։

«Ձեր թույլտվությամբ ննջարանները ցույց չեմ տա։ Սովորական, պետական ննջարան է»,– կրկին կատակեց Փաշինյանը։

Վարչապետը ցույց տվեց նաև այն առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել են Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր–Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ հարևաններից ոչ մեկին չի տեսել, այդ թվում` Սերժ Սարգսյանին։ Նա շեշտեց, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը ժամանակավոր են ապրում այդ տարածքում։ Փաշինյանը պատմեց նաև, որ երեկ մի հետաքրքիր միջադեպ է եղել. առանձնատան տարածքում երկու շնագայլ են տեսել։ «Շատ հետաքրքիր էր։ Այս տարածքում նույնիսկ վայրի կենդանիներն են իրենց լավ զգում»,– ասաց վարչապետը։ Նա նշեց, որ այսօր ևս մեկ անգամ ուղիղ եթեր դուրս կա և կխոսի դատական համակարգի մասին։