ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը «Սան Պաուլու» ակումբի խաղաշապիկով արխիվային լուսանկար է հրապարակել։
Լուսանկարին կից նա գրել է. «Վաղ տարիներս «Սան Պաուլու» ֆուտբոլային ակումբում»։
Բրազիլիայի ու Հարավային Ամերիկայի ամենատիտղոսավոր ակումբներից մեկը հեռավոր 2003 թվականին հարազատ վայր էր դարձել հայ կիսապաշտպանի համար։
14 տարեկան ֆուտբոլիստը չորս ամսով մեկնել էր բրազիլական «Սան Պաուլու» ակումբ, որտեղ ծանոթացել էր լեգենդար ֆուտբոլիստներ Էրնանեսի, Լուկասի, Օսկարի, Դենիլսոնի հետ։
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը լուսանկարը հրապարակել է Instagram սոցիալական կայքում։ Օգտատերերը միանգամից արձագանքել են։ Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարն ավելի քան հարյուր հազար «հավանություն» է ստացել։
Ֆուտբոլիստի բրազիլացի երկրպագուները Մխիթարյանին կոչ են արել Սան Պաուլու վերադառնալ։ Երկրպագուներից շատերը հիշել են, որ ֆուտբոլիստը պորտուգալերեն գիտի, և նշել են, որ այդ գիտելիքներով Մխիթարյանը Ռոնալդոյի հայրենիքում չի կորչի։