ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Բրիտանացի արքայազն Հարրիի ու դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը կայացավ Վինձորում։
Հյուրերից վեց հարյուրին մատուռ էին կանչել, իսկ 2640-ը տեղավորվել էին ամրոցի տարածքում։ Հազարավոր բրիտանացիներ էլ Վինձորի փողոցներում կանգնած են հետևել արարողության ընթացքին։
Հյուրերն ամրոց էին ժամանել արարողության մեկնարկից մի քանի ժամ առաջ։ Նրանց թվում էին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իսպանիայի թագավորական ընտանիքը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորյայի հետ, դերասանուհի Մարգո Ռոբին, երգիչներ Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը։
Մեծ իրադարձությունը լուսաբանող հազարավոր լուսանկարիչների առաջ հայտնվեցին Օփրա Ուինֆրին, Իդրիս Էլբան հարսնացուի՝ Սաբրինա Դաուրի հետ,արքայազն Հարրիի մտերիմ ընկեր Նաչո Ֆիգուերասը, Քեյթ Միդլթոնի քարտուղար և ընկերուհի Ռեբեկա Դիակոնը։
Հայերին քաջածանոթ դեմքեր էլ կային` ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը եկել էր երկու գեղեցկուհիների՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ու դստեր՝ Օլիմպիա Օհանյանի հետ։ Հյուրերի շարքում էին նաև դերասան Ջորջ Քլունին ու նրա կինը՝ գեղեցկուհի Ամալը։
Թագավորական հարսանիքի համար ծախսվել է ավելի քան 32 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 40 միլիոն դոլար)։ Հարսանիքի հրավեր են ստացել մոտ 600 մարդ։ Երկրի վարչապետ Թերեզա Մեյը հրավեր չի ստացել։