Հաջողված կրակոցներ. Ռոստոմյանն անձամբ համոզվեց, ռուս փորձագետները կգան համոզվելու

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր՝ Հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում այնտեղ տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկմանը հետևելու նպատակով: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հրթիռների փորձարարական կրակոցները հաջողվեցին, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի փողից (ствол) կրակոցի իրականացման ժամանակ արձանագրվեցին աննշան տարբերություններ:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Արտաշավան համայնքներում տեղադրված հրթիռային 3 կայանները հակակարկտային պաշտպանության տակ կառնեն Արմավիրի մարզի 33, Արագածոտնի մարզի 26 և Կոտայքի մարզի 1 համայնք:

Հրթիռային պաշտպանության համակարգի գործարկումից, 120 հրթիռների օգտագործումից և արդյունքների ամփոփումից հետո համապատասխան որոշում կկայացվի հրթիռային պաշտպանության ընդլայնման վերաբերյալ:

Մայիսի 22-25-ը Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու, հրթիռային կայանների և հրթիռների փորձարկում իրականացնելու, ի հայտ եկած մասնագիտական հարցերին պատասխանելու և հետագա զարգացման ծրագրերը քննարկելու համար: