Սարգսյանն ու Փաշինյանն առանձին կմեկնեն Թբիլիսի. ինչո՞ւ է ուրախ Վրաստանը

Հայ և վրացի փորձագետները կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցերը շատ կարևոր են։ Վրաստանում հասցրել են գնահատել հայկական իշխանությունների հռետորաբանությունը։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսին նախատեսված այցերը Վրաստան վկայում են հայ-վրացական հարաբերությունների նոր փուլի մասին, կարծում են թե՛ հայ, թե՛ վրացի փորձագետները։

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել հարևան երկիր

Վրաստանի 100-ամյակի ու Առաջին Հանրապետության հաստատման կապակցությամբ վրացի գործընկեր Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով Սարգսյանը Հայաստանի նախագահի կարգավիճակում առաջին անգամ կայցելի Թբիլիսի։ Մայիսի վերջին հարևան պետություն կայցելի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի իշխանությունները օպտիմալ որոշում են կայացրել։ Վրաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնական օրը, ըստ կարգի, նախագահը պետք է ներկայացնի երկիրը։ Վրաստանի համար այդ հիշարժան օրը Արմեն Սարգսյանի այցը շատ բանի մասին է խոսում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։

Նրա խոսքով՝ սխալ կլիներ, եթե նախագահն ու վարչապետը նույն օրն այցելեին Վրաստան։

Ի՞նչ է փոխվել Երևանի ու Թբիլիսիի միջև

Թբիլիսիում դրական են գնահատում Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը Վրաստանի հասցեին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ Երևանի ու Թբիլիսիի հարաբերությունները պետք է զարգանան ու խորանան։

«Նշանակում է` Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունները։ Մասնավորապես դրական է այն, որ իշխանափոխությունից հետո Երևանը շարունակում է ընդգծել, որ մեր ժողովուրդների աշխարհաքաղաքական շահերը համընկնում են», — ասաց Մամրաձեն։

Նա նաև նշեց՝ Թբիլիսին ուրախ է, որ Երևանի պես հարևան ունի, որի հետ ավելի հեշտ է պայքարել տարածաշրջանում անվտանգության ու կայունության համար։ Ընդ որում՝ քաղաքական տարբեր ուղղվածությունները չեն խանգարում ո՛չ Երևանին, ո՛չ Թբիլիսիին։

«Մեր հարևաններն աննախադեպ համագործակցության երկար պատմություն ունեն», — ասաց Մամրաձեն` ընդգծելով, որ Երևանի ու Թբիլիսիի արտաքին քաղաքականության տարբերությունները կարելի է օգտագործել երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու համար։

Իշխանական շփումներ

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերի փորձագետ Ջոնի Մելիքյանը նույնպես համոզված է, որ երկու երկրների հարաբերությունները որակական նոր փուլ են մտել։

Փաշինյանն ասել է` ինչ սպասումներ ունի Վրաստանի վարչապետից

Նրա խոսքով՝ Հայաստանում ու Վրաստանում հասկանում են տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ կարևորությունը։ Երևանն իր ուշադրությամբ՝ նախատեսված այցերով, հեռախոսազրույցներով, հերթական անգամ ցույց տվեց Թբիլիսիին, որ հարաբերություններում ոչինչ չի փոխվել։

«Հայաստանի նախագահն ու վարչապետը հասկանում են, որ պետք է շփում հաստատել Վրաստանի հետ։ Հենց դրա հետ են կապված նրանց այցերը, որոնք համագործակցությանը նոր խթան կտան», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

ՀՀ վարչապետը մի քանի անգամ ընդգծել է, որ Վրաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է։ Թբիլիսիում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները ընթացիկ հարցեր քննարկելու և հարաբերությունների խորացման համար օրակարգ մշակելու հնարավորություն կունենան։

«Պետք է հաշվի առնել, որ նոր Հայաստանն առանձնահատկություն ունի, և այն ազդելու է այդ գործընթացի վրա․ մեզ մոտ, ինչպես Վրաստանում գործում է խորհրդարանական համակարգ, այսինքն նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։ Միջպետական օրակարգի իրականացման ակտիվ աշխատանքը պետք է տարվի կառավարության մակարդակով», — ասաց Մելիքյանը՝ կարևորելով Փաշինյանի այցը Վրաստան։

Փորձագետը նշեց, որ եթե երկրների հարաբերությունները զարգանան, կարող են գործընկերականից ու բարիդրացիականից վերածվել ռազմավարականի։

Հիշեցնենք՝ 2005 թվականին ընդունված «Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում» նշվում է, որ Վրաստանը ձգտում է խորացնել գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ փոխադարձ շահերի ոլորտում համագործակցության հիման վրա, իսկ տարածաշրջանում խոշոր տնտեսական ծրագրերի իրականացումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը։ Ընդ որում՝ Հայաստանին սերտ գործընկերոջ կարգավիճակ է տրված, իսկ Ադրբեջանին՝ ռազմավարական։