ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Երևանի թիվ 189 դպրոցում տեղի ունեցածի մեղավորները կպատժվեն, խոստանում է ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Գործերը Վալերի Օսիպյանի մոտ են։ Կսպասենք քննության ավարտին։ Վստահ եմ` մեղավորները կպատժվեն»,- ֆեյսբուքյան իր էջում ասել է նախարարը։
Նա պատմել է` երեկ առավոտյան տեղեկություն է ստացել, որ այդ դպրոցում դրամահավաքի հետ կապված խնդիր կա, ծնողներից մեկը չի ուզում գումար տալ։
«Որոշեցի գնալ այդ դպրոց։ Շատ տհաճ էր, երբ հարցրի դրամահավաքի մասին, ծնողները լռեցին, հետո երկուսը խոսեցին։ Ասացին, որ յուրաքանչյուրը 15 հազար դրամ է տալիս»,- նշել է Հարությունյանը։
Դպրոցից դուրս գալուց հետո որոշ ժամանակ անց վերադարձել է աշխատավայր և տեսել, որ այդ ծնողները եկել են նախարարության շենքի մոտ, լրագրողներ են հրավիրել և ասում են, որ նախարարը շոու է սարքում։
«Շոու չկա։ Այդ ամենը եղել է, տեսախցիկը ֆիքսել է»,- հիշեցնում է նախարարը։
Նշենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ պատահաբար այցելել է Երևանի N189 միջնակարգ դպրոց, որ գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում։ Նրա այցը նկարահանվել է ու տեղադրվել է Facebook-ում։ Նախարարը մասնակցել է ծնողական ժողովին ու պարզաբանում պահանջել` ումից ու ինչի համար են գումար հավաքել։