Սերժ Սարգսյանը հրահանգ է տվել ՀՀԿ-ականներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ–ի առաջիկա ծրագրերի մասին տեղեկություններ է ստացել, փորձել է պարզել հենց ՀՀԿ–ականներից, բայց ապարդյուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել և լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի աշխատանքին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և ավելացնում` նրանք թաքուն հույս են փայփայում, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, և վերջինս կձախողի:

«Ընդ որում` նրանք արդեն ծրագրեր են մշակում, թե ինչ են անելու այդ ժամանակ, երբ իսկապես իրենց սպասելիքներն իրականանան: Ոչինչ չձեռնարկելու և սպասելու մասին են վկայում նաև ՀՀԿ խմբակցության անդամների պարբերաբար կրկնվող հայտարարություններն այն մասին, թե իրենք չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` հունիսի 7-ին խորհրդարանում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը, և արդեն իսկ ակնհայտ է, որ այն ընդունվելու է: Դրանից հետո արդեն կսկսվեն հստակ գործողությունները:

«Ժողովուրդը» փորձել է այս տեղեկությունները ճշտել ՀՀԿ-ականներից, բայց պատգամավորները չեն պատասխանել հեռախոսազանգերին: