Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առջև խնդիր է դրել չխանգարել տնտեսվարողներին

Պետեկամուտների կոմիտեն նաև պետք է ստվերային տնտեսության շարունակական կրճատում ապահովի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը ԱԱԽ ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ քարտուղարին

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վարդան Հարությունյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել Դավիթ Անանյանին նոր պաշտոնում:

«Պետական եկամուտների կոմիտեն և հարկային, մաքսային համակարգերն անընդհատ գտնվել են հանրության, մամուլի և կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք անընդհատ խոսում ենք այդ համակարգերի բարեփոխումների մասին, բայց և արձանագրում, որ դրանք բավարար չեն, ու անհրաժեշտ է բարեփոխումները նոր թափով շարունակել»,-նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք է լուծել:

«Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը: Այս երկու սահմանների միջև ընկած տարածքում է, պարո՛ն Անանյան, որ ես ակնկալում եմ արդյունավետ գործունեություն: Կարծում եմ, որ հենց պետական եկամուտների կոմիտեի, մաքսային և հարկային մարմինների գործունեությունից է մեծապես կախված՝ արդյոք վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում կուտակված դրական էներգիան մենք կկարողանանք տրանսֆորմացնել կոնկրետ տնտեսական արդյունքների, թե ոչ»,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այն, ինչ ունենք այսօր, պակասել է մեզ երկար տարիներ: 

«Դա լավատեսությունն է, վստահությունն է ապագայի նկատմամբ: Վստահությունն է, որ մենք կունենանք լրջագույն տնտեսական զարգացում և որակական նոր մակարդակի կբարձրացնենք մեր երկիրն ու պետությունը»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ խնդիրների իրագործման ապահովումը մեծապես կախված է հարկային և մաքսային մարմինների գործունեությունից:

Սերժիկն էլ հեռացավ. Փաշինյանը պաշտոններից ազատել է փոխնախարարներին

Վարչապետի խոսքով՝ ՊԵԿ-ի նորանշանակ նախագահից ակնկալում է արագ և լուրջ արդյունքներ ոլորտում, որոնք տեսանելի և շոշափելի կլինեն քաղաքացիների համար: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը և նշել, որ կոռուպցիան պետք է արմատախիլ անել:

«Մենք մի ժամանակում ենք, երբ անհնարինը դառնում է իրականություն, հետևաբար բոլոր ուղղություններով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի առումով մենք պետք է խնդիրը դարձնենք իրականություն ու դրա հետ կապված որևէ կասկած չպետք է լինի: Նոր ժամանակներն իրենց հետ պետք է բերեն նոր կանոններ, և ես հույս ունեմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, հետևողականություն և հմտություն՝ այդ մարտահրավերներին արձագանքելու համար»,- ասել է վարչապետը:

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ համակարգի առջև դրված խնդիրները կլուծվեն՝ ի շահ երկրի հաջողության և բարօրության:

ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և վստահեցրել, որ կարվի հնարավորը՝ համակարգում ներդրված առաջադեմ մտքերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Նա վստահեցրել է, որ ՊԵԿ-ը կկատարի այն առաջադրանքները, որոնք կներկայացնի երկրի կառավարությունը։