ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Կալիֆոռնիայում մեղադրանքներ են ներկայացվել Գլենդելի ոստիկանության աշխատակից Ջոն Սարո Բալյանին մութ գործերի մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Քննիչները պարզել են, որ Բալյանը գումարի դիմաց իր համախոհներին նախազգուշացրել է ոստիկանության գործողությունների մասին, կապի համար կիրառել է մեկանգամյա օգտագործման բջջային հեռախոսներ։ Նրա պատճառով հատուկ հետախուզության մեջ գտնվող հանցագործը մեկ ամիս խուսափել է իրավապահ ուժերից։
Նա նաև գանգստերների համար «լվացել է» գողացված մեքենաները, որոնք հետո վաճառվել են արտասահմանում։ Դրանից Բալյանն իր բաժինն է ունեցել։
Բացի այդ, Բալյանը մասնավոր դետեկտիվի ոչ օրինական ծառայություններ է տրամադրել, նրան վճարել են, որպեսզի հետևի անհրաժեշտ մարդկանց։
Հետաքննությունների դաշնային բյուրոն նրա «քաջագործությունները» բացահայտել է «եվրասիական կազմակերպված հանցավորության հարցերի աշխատանքային խմբի» միջոցով, որն ուսումնասիրել է հայկական մաֆիայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետ։
Ջոն Բալյանը ժամանակին եղել է Գլենդելի ոստիկանության մամուլի քարտուղարը, իսկ հիմա տեղի ԶԼՄ-ների հաշվարկով` նրան սպառնում է մոտ 5 տարվա ազատազրկում, դա կախված է դատարանի որոշումից։