Ռուսաստանի ահազանգից հետո Հայաստանը խստացնում է լոլիկի արտահանման հսկողությունը

Խնդրահարույց խմբաքանակը վերադարձրել են արտահանողին, որը նա վերամշակել է և նորից արտահանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունը խստացնում է մրգի ու բանջարեղենի արտահանման վերահսկողությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ծառայությունից։

«Պտուղ-բանջարեղենի արտահանման նկատմամբ որևէ սահմանափակում չկա և բոլոր արտահանողներին հորդորում ենք լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը»,- հայտնեցին ծառայությունից:

Արդեն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել են արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ հսկողությունն առավել խստացնելու ուղղությամբ, իսկ Ռոսսելխոզնադզորի կողմից արտահանողին վերադարձված խմբաքանակներն անցել են համապատասխան դասակարգում, վերամշակում և սահմանված կարգով արտահանվել են:

Նշենք, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) դիմել է ՀՀ սննդի անվտանգության ծառայությանը` Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի արտահանման համար։ Ռուսական կողմի պարզաբանման համաձայն` մայիսին Հայաստանից արտահանված լոլիկում հայտնաբերվել է լոլիկի վնասատու։ Բայց խմբաքանակն ապահովված է եղել ՍԱՊԾ-ի տրամադրած անհրաժեշտ բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերով։ Խոտանված ապրանքը վերադարձվել է Հայաստան։ Ռուսական կողմը պահանջել է հետաքննություն անցկացնել ու բացառել ապագայում նման դեպքերի կրկնությունը։