ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները տնտեսության վրա չեն ազդել։ Նման եզրակացության է հանգել Fitch միջազգային վարկանշային գործակալությունը։
«Հայաստանում քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական ինստիտուտների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի գործունեության շարունակականությունը ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա հասցրել են նվազագույնի»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Ֆինանսական համակարգում բանկային լիկվիդայնության և ավանդների վրա ապակայունացնող ճնշում չի նկատվել, միջազգային պահուստները շարունակում են մնալ խելամիտ մակարդակում: Իսկ սպառողական ապրանքների գները, արտահանման նկատմամբ պահանջարկն ու տրանսֆերտների շարունակական աճը նվազեցրել են տնտեսությանը սպառնացող ռիսկերը:
«ԿԲ-ն ունի անկախության բարձր մակարդակ, իսկ վերջերս նշանակված ֆինանսների նախարարը նախկին նախարարի տեղակալն է և տեխնոկրատ է: Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը»,- գրում է Fitch-ը:
Իսկ թե ինչ կլինի հետո, գործակալության մասնագետների եզրակացությամբ պարզ կդառնա այն ժամանակ, երբ կհստակեցվի, թե ինչպես է նոր կառավարությունն արդարացնելու իր աջակիցների սպասելիքները՝ առանց պառլամենտական մեծամասնության աջակցության։