ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Արմավիրում թունավորված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
«Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են:
Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց վիճակը թեթև և միջին ծանրության է:
Ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում թունավորման դեպքն արձանագրվել է երեկ` մայիսի 17-ին։ Մասնագետների խումբն անմիջապես գործուղվել է Արմավիր՝ առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի գլխավորությամբ: Իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և պարզվել, որ բոլոր տուժածներն աշխատում են «Հայաստանի հողեր» կազմակերպությունում:
Հիվանդները գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից:
Քննարկվել են թունավորման առաջացման բոլոր հնարավոր վարկածները: Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ կոտլետով և հավի մսով: Այդ բուդերբրոդներից կերել են աշխատակիցներից ավելի քան 200-ը։