ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծում է, որ Իսրայելը չպետք է շահարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
«Անթույլատրելի եմ համարում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շահարկումը Թուրքիայի հետ իրենց բարդ աշխարհաքաղաքական խաղում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։
Նշենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին իսրայելցի պատգամավոր Իցիկ Շմուլին Իսրայելի խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։
Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանն էլ ավել վաղ կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի բախումը կապված է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ։ Դեսպանատան պաշտոնական արարողությունն անցկացվեց մայիսի 14-ին, և նույն օրը Իսրայելի սահմանին՝ Գազայի հատվածում, բախումներ սկսվեցին պաղեստինցի երիտասարդների և իսրայելցի զինվորականների միջև։ Անկարգությունների զոհ դարձան ավելի քան 60 պաղեստինցի, իսկ վիրավորների թիվը հասավ 2 հազարի։
Թուրքիայի իշխանությունը պաշտպանեց պաղեստինցիներին, իսկ նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելն «ահաբեկչական» պետություն է։ Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիայի հյուպատոսին արտաքսեց Երուսաղեմից, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին, իսկ Անկարան իսրայելցի դեսպանին կարգադրեց լքել երկրի տարածքը։