ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։ Քննչական կոմիտեն քննության արդյունքների մասին կտեղեկացնի լրացուցիչ։
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Նշենք, որ Արմավիրի մարզում թունավորման դեպքն արձանագրվել է երեկ` մայիսի 187-ին։ Մասնագետների խումբն անմիջապես գործուղվել է Արմավիր՝ առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի գլխավորությամբ: Իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և պարզվել, որ բոլոր տուժածներն աշխատում են «Հայաստանի հողեր» կազմակերպությունում:
Հիվանդները գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից:
Քննարկվել են թունավորման առաջացման բոլոր հնարավոր վարկածները: Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ կոտլետով և հավի մսով: Այդ բուդերբրոդներից կերել են աշխատակիցներից ավելի քան 200-ը։