Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները չեն կարգավորվի․ Ախոյան

Քաղաքական գործիչ Արագած Ախոյանը վերջերս է վերադարձել Թուրքիայից, որտեղ հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը նախագահական ընտրությունների նախաշեմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Անկարան պատրաստ չէ կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, քանի որ շարունակում է կրել ադրբեջանական քաղաքականության ազդեցությունը։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանը ՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանը բացել առանց նախապայմանների։

Չաքրյան. «Նիկոլ Փաշինյանն ինչ էլ ասի, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի»

Անցած շաբաթ այդ հայտարարությանն արձագանքել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրմը և Երևանից պահանջել, որ հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից։

«Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն անկեղծ չեն իրենց հայտարարություններում, և նրանք հիմա փորձում են տարբեր պատրվակներով հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից։ Անկարան չի գործի ադրբեջանական դիրքորոշմանը հակառակ», — ասաց Ախոյանը։

Միաժամանակ նա տարօրինակ է համարում, որ Թուրքիան Իսրայելին ահաբեկչական պետություն է անվանում, բայց աչք է փակում Բաքվի և Իսրայելի սերտ ու բազմակողմանի համագործակցության վրա։

Ախոյանը վերջերս է վերադարձել Թուրքիայից, որտեղ հանդիպել է քաղաքական ուժերի հետ և քննարկել երկրում տիրող իրավիճակը նախագահական ընտրությունների նախաշեմին։

Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն մեկ ամիս հետո։ Ախոյանի խոսքով՝ ընտրությունների ամսաթիվը տեղափոխելը կապված է թուրքական տնտեսության ողբալի վիճակի հետ։ Եթե ընտրությունները կայանային մեկ տարի անց, ապա Էրդողանը կրկին հաղթելու հնարավորություն չէր ունենա։