Ծառայողական ավտոմեքենա պետք չէ. նոր կառավարությունը հրաժարվում է նախկինի ճոխությունից

Գործուղումը տուրիստական շրջագայություն չէ, ծառայողական ավտոմեքենան պարտադիր չէ. նոր կառավարությունը կանխում է պետական միջոցների անտեղի վատնումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Գործադիր իշխանությանը հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը պետք է կրճատել, աշխատանքային գործուղումներն էլ տուրիստական շրջագայությունների չվերածել։

Նիկոլ Փաշինյանը հորդորում է չփակել ճանապարհները և բացատրում է` ինչու

Այս հարցերն այսօր քննարկվեցին ՀՀ կառավարության նիստում, երբ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հրաժարվել է իր գրասենյակին հատկացված 5 ավտոմեքենաներից 3-ից, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն էլ հրաժարվել է հատկացված 4 ավտոմեքենաներից 2-ից։

Միրզոյանն առաջարկեց բոլոր գերատեսչություններին հետևել այդ օրինակներին։

«Ես առաջարկում եմ բոլոր նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարությունների տրամադրության տակ եղած ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը և կանխել պետական միջոցների անտեղի վատնումը»,- ասաց նա։

Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանն էլ առաջարկեց վերանայել նաև աշխատանքային գործուղումների հարցը։

Կառավարության նիստի հումորային հատվածը. լկտի ստից մինչև երջանկության մաղթանք

«Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք երբեմն վերածվում են տուրիստական շրջագայությունների»,- ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց առաջարկների հետ, տվեց քննարկելու հանձնարարություն և կարևորեց, որ հարցերը քննարկվում են բաց ու հրապարակային ընթացակարգով` դռնբաց նիստում։

Փաշինյանը նաև հիշեցրեց` նոր կառավարությունն առաջիկայում պետք է վերանայի նաև կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին նախորդ կառավարության ընդունած օրենքը։