Նիկոլ Փաշինյանը հորդորում է չփակել ճանապարհները և բացատրում է` ինչու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մարդկանց հորդորում է դադարեցնել փողոց փակելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում այսօր ժամը 15։00-ից այլևս չփակել ճանապարհները։ Այս մասին նա ասաց Facebook սոցիալական ցանցի հերթական ուղիղ եթերում։

«Այն ժամանակ, երբ մենք փակում էինք ճանապարհները, համոզված էինք, որ Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է լսել հասարակության ձայնը և պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Իսկ հիմա, երբ հաստատված է իշխանություն, ճիշտն ասած, հասկանալի չէ, թե մենք ինչու ենք ամեն օր քաղաքացիական անհնազանդության գործողություն անում։ Եթե այսօր Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտնում` ինքներս մե՞զ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարությունն այսօր մեկ օրում այնքան նամակ է ստանում, որքան նախկինում ստացել են մեկ ամսվա ընթացքում։

«Սա նշանակում է, որ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, բայց կառավարությունը պետք է կարողանա այդ հարցերը բաժանել ըստ հրատապության և զբաղվել այդ հարցերի լուծմամբ։ Կոչ եմ անում մեզ հնարավորություն տալ։ Եթե այդ հնարավորությունը չլինի, մեր այստեղ մնալն անիմաստ է»,- ասաց վարչապետը։

Վարչապետ Փաշինյանն ասաց` ինչի համար է պատրաստ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

Նրա խոսքով` անհնազանդության ակցիաները պետք է դադարեցնել, բայց դա չի նշանակում, որ պետք է գնալ, հանգիստ նստել տանը։ Փաշինյանը հորդորեց, որ մարդկանց հստակ ձևակերպեն իրենց պահանջները, դիմում կազմեն, մեկ-երկու-երեք հոգանոց պատվիրակություն ուղարկեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն կամ ՀՀ կառավարություն քաղաքացիների և ընդունելության բաժին, ինչպես նաև զանգել թեժ գծի հեռախոսահամարով։

«Մենք կվերցնենք այդ բոլոր նամակները, դիմումները, կկազմենք առաջնահերթություն, և որ դեպքում անհրաժեշտ լինի, կկազմակերպենք հանրային քննարկումներ»,- ասաց նա։

Փաշինյանը հերթական անգամ կոչ արեց ընդհանրապես որևէ ճանապարհ չփակել որևէ նպատակով։