Փաշինյանի կառավարությունն ուզում է գյուղացուն ազատել վարկային ցանցերից

Վերջին 3 տարում կարկուտը Հայաստանին ավելի քան 53 մլրդ դրամի վնաս է հասցրել։ Նոր կառավարությունն առաջարկում է վնասները հաշվելու գումարներն ուղղել կանխարգելմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսին տեղացած կարկտից տուժել են շուրջ 3 տասնյակ գյուղեր Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզի համայնքների գյուղերը։ Առաջիկա 1 շաբաթվա ընթացքում կհաշվարկվի վնասի վերջնական չափը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանը հորդորում է չփակել ճանապարհները և բացատրում է` ինչու

Իսկ մինչ այս տարվա վնասները հաշվարկվում են, նախարարը տեղեկացրեց, որ 2015թ-ին կարկուտը գյուղացիական տնտեսություններին 8 մլրդ դրամի, 2016թ-ին` 33.5 մլրդ դրամի, 2017թ-ին` 12.2 լրդ դրամի վնաս է հասցրել։

«Եթե գնանք վնասի կանխարգելման ճանապարհով` կայանների հզորացման, թե ցանցերի տեղադրման, ծախսը շատ ավելի քիչ կլինի»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց արտահայտած կարծիքի հետ և անդրադարձավ նախորդ կառավարությունների արած- չարածին։

«Հակակարկտային արդյունավետ համակարգ ՀՀ-ում չունենք, և տարօրինակ է, որովհետև շատ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց դրանք այդպես էլ տեղի չունեցան։ Անընդհատ ասվում էր նաև, որ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում հակակարկտային ցանցեր տեղադրելու հնարավորությունից։ Կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանն ասաց` ինչի համար է պատրաստ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ

Կառավարության նիստում հայտարարվեց նաև, որ Վանաձորում հակակարկտային ցանցեր արտադրող գործարան է կառուցվում, որի գործարկումից հետո հայ գյուղացին կկարողանա ավելի էժան գնով ցանցեր գնել։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև գյուղացուն լրացուցիչ բեռ հանդիսացող վարկերից ու դրանց դիմաց կիրառված տույժ-տուգանքներից ազատելու հարցը։

Վարչապետը կառավարության պատասխանատու անդամներին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրն ու ուղիներ գտնել գյուղացիներին ֆինանսական լրացուցիչ բեռից ազատելու, նրանց վարկային պատմությունները համաներելու ու նոր վարկեր ստանալու հնարավորություն ընձեռել։