ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ադրբեջանը միջազգային պարտավորություններ է ստանձնել, որոնք պարտավոր է կատարել, լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Դիվանագետի այս հայտարարությունը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում վերահսկման մեխանիզմների ստեղծմանը։
«1995 թվականի եռակողմ համաձայնագրում կա հետաքննության մեխանիզմների ստեղծման դրույթը», — ասաց Շավարշ Քոչարյանը։
Այդ պայմանագիրն անժամկետ է և համարվում է Ադրբեջանի միջազգային պարտավորությունը, որը նա այսօր չի կատարում:
«Այս է պատճառը, որ բանակցություններում առաջընթաց արձանագրելն անհնար է»,- նշեց Քոչարյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու է Ադրբեջանն այսօր խոսում ինտենսիվ բանակցությունների մասին, ՀՀ ԱԳ փոխնախարարն ասաց. «Ադրբեջանն ուզում է շեշտադրումը վստահության միջոցների ստեղծումից շեղել»:
Քոչարյանը հիշեցրեց, որ վստահությունը ցանկացած բանակցությունների առանցքային գործոնն է, որի բացակայությունն անիմաստ է դարձնում բուն բանակցությունները։