ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Իսրայելի վարչապետի ավագ որդին` Յաիր Նեթանյահուն, Facebook-ի իր էջում հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատու է Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև Instagram-ի իր էջում վիրավորական ֆոտոմոնտաժ է հրապարկել՝ ուղղված այդ երկրին: Այս մասին հայտնում է «Haberler»-ը։
Յաիր Նեթանյահուի սկանդալային գրառումը հրապարակվել է Թուրքիայի և Իսրայելի դիվանագիտական սկանդալի ֆոնին։
Հիշեցնենք, որ Իսրայելը կոշտ է արձագանքել պաղեստինցիների զանգվածային բողոքներին, որոնք հաջորդել են Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը։ Ի պատասխան Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն «ահաբեկչական պետություն» է։
«Թուրքիա, դու պատասխանատու ես աներևակայելի գազանությունների և Կիպրոսի, Հունաստանի ժողովուրդների, քրդերի տառապանքների և Հայոց ցեղասպանության համար։ Ուզում եմ հիշեցնել թուրքերին, որ նրանք եկել են Կենտրոնական Ասիայից և անօրինաբար բռնազավթել քրիստոնյա ժողովուրդների հողերը Կոստանդնուպոլսում և Փոքր Ասիայում։ Այնպես որ, լռի՛ր», — մեջբերում է AP-ն Յաիր Նեթանյահուի գրառման թարգմանությունը։
Յաիրի Instagram-ում տեղադրված ֆոտոմոնտաժը հիշեցնում է Թուրքիայի դրոշը, որի ֆոնին անպարկեշտ արտահայտություն է գրված:
Բենիամին Նեթանյահուն փորձում է իրեն զերծ պահել որդու հայտարարություններից։ Յաիրը մասնավոր դեմք է, նրա գրառումները չեն արտահայտում պաշտոնական դիրքորոշումը, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները՝ մեջբերելով Իսրայելի վարչապետի մեկնաբանությունը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նեթանյահուն որդու գրառումների պատճառով հայտնվում է անհարմար իրավիճակում։