Ի՞նչ կապ ունի եռագույնը. միլիոնատեր Օհանյանը ներկայացրել է իր կայքի նոր դիզայնը

Գուցե թավշյա հեղափոխությունն է պատճառը կամ այլ պատճառ կա, բայց ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կայքի թարմացված դիզայնի գույները հայկական եռագույնն են հիշեցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ալեքսիս Օհանյանի Initialized Capital կայքի նոր գույներն օգտատերերը նմանեցրել են հայկական դրոշի գույներին։

Reddit-ի հիմնադիրը Instagram-ի իր էջում հրապարակել է Initialized Capital կայքի նոր դիզայնի լուսանկարը։ Initialized Capital-ի խորհրդանիշն է դարձել արջը։

 

«Մեղրակեր, ինձ դուր է գալիս մեր Initialized.com կայքի դիզայնը, որն իրականացրել են Ջենն ու իր թիմը։ Ես նաև Instagram-ում մեր թիմի պատմություններով և հաշիվներով էջեր եմ բացել», — լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Գրառումը մի շարք հիացական մեկնաբանությունների է արժանացել, իսկ օգտատերերից ոմանք նկատել են, որ կայքի ֆոնը հայկական եռագույնն է հիշեցնում։

«Հայկական դրոշի գույներն են», — գրել է նրանցից մեկը։ Օգտատերերից մեկն էլ հարցրել է. «Հայկական դրոշի գույնե՞րն են, թե՞ ինձ է թվում»։

Ալեքսիս Օհանյանն այժմ Ֆրանսիայում է, որտեղ մայիսի 21-ին մեկնարկում է French Open-ը։ Մրցաշարին մասնակցում է նրա կինը` համաշխարհային թենիսի աստղ Սերենա Ուիլյամսը։