Թուրքական բիզնեսը շահագրգռված է Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմամբ. Սոյակ

Հենց Հայաստանն ու Թուրքիան երկխոսություն սկսեն, երկու երկրների բիզնես–շրջանակները համագործակցման նոր ճանապարհներ ու ձևեր կգտնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Թուրքական բիզնեսը շահագրգռված է Երևանի ու Անկարայի միջև քաղաքական տարաձայնությունների վերացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց հայ-թուրքական գործարար խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյակը, որը մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) բիզնես–խորհրդի տնօրենների նիստին։

«Թուրքական» ընտրություն. ով է Էրդողանի թիրախում, ում է պետք հայ-թուրքական սահմանի բացումը

«Արդեն ավելի քան 24 տարի փակ սահմանը մեր երկրների հիմնական խնդիրն է։ Կարծում եմ` պետք է միմյանց հետ երկխոսություն հաստատել։ Հենց Հայաստանն ու Թուրքիան սկսեն շփվել, մենք բիզնեսի ոլորտում համագործակցության նոր ճանապարհներ ու ձևեր կունենանք», – ընդգծեց Սոյակը։

Այժմ Թուրքիայի տարածքում աշխատում են հարյուրավոր հայ գործարարներ, որոնք հիմնականում առևտրի ոլորտում են զբաղված։ Ապրանքաշրջանառության տարեկան ծավալը հասնում է 300 միլիոն դոլարի, դրա մեծ մասը կազմում է ներմուծումը Թուրքիայից։ Դրանք կտորեղենն են, շինանյութերը, մրգերն ու բանջարեղենը, դեղորայքը, մեքենաներն ու սարքավորումները։ Երկու երկրների միջև ավիահաղորդակցություն է գործում։

Սոյակը նշեց նաև, որ ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հարթելու Հայաստանի պատրաստականության մասին։

«Համոզված եմ` եթե հաջողվի մեր երկրների միջև նորմալ հարաբերութուններ հաստատել, դա լավ կլինի ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանի համար», – ընդգծեց գործարարը։

Հիշեցնենք` ավելի վաղ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը նախկինի պես պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Թուրքիան արձագանքել է հայտարարությանը։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ երկխոսության հաստատման հարցում Թուրքիան պատրաստ է ընդառաջել Հայաստանին, եթե Երևանը հրաժարվի «Անկարայի հանդեպ թշնամանքից»։