Կուտակված խնդիրներ են, որ մի օր պետք է դուրս գային. Փաշինյանը` բողոքի ակցիանների մասին

Վարչապետը մոտեցավ կառավարության շենքի դիմաց հավաքվածներին, լսեց նրանց բողոքները, վերցրեց նամակները, խոստացավ ուսումնասիրել և պատասխանել նրանց հուզող հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ շենքից և հանդիպեց շենքի առաջ հավաքված, իրենց բողոքն արտահայտող  քաղաքացիներին։ Կառավարության շենքի մոտ էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, «Նաիրիտի» աշխատակիցները, վիրավոր զինծառայողներն ու նրանց ծնողները, արցախյան ազատամարտի մասնակիցները։

Գյումրիում այսօր որոշվում է քաղաքապետ Սամվել Բալասանյանի ճակատագիրը

Նրանք իրենց հուզող տարբեր խնդիրները գրավոր ներկայացրեցին Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետն առանձին–առանձին մոտեցավ բոլորին, լսեց նրանց բողոքները, վերցրեց նամակներն, խոստացավ ուսումնասիրել և պատասխանել նրանց հուզող հարցերին։

Լրագրողների` քաղաքում չդադարող տարբեր բողոքի ակացիաների ու փակ փողոցների մասին հարցին ՀՀ վարչապետն ասաց, որ նորմալ է վերաբերվում նման երևույթներին։ «Դրանք կուտակված խնդիրներ են, որ մի օր պետք է դուրս գային ու իրենց լուծումը ստանային»,–ասաց նա։

Վարչապետի` ժողովրդի հետ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

Համակարգում փոփոխությունների մասին լրագրողների հարցերին նա չցանկացավ պատասխանել։

Բողոքողների ու լրագրողների հետ զրույցից հետո, ՀՀ վարչապետը` աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ, շտապեց մասնակցելու կառավարության նիստին։