Փնտրվում են լրագրողին ծեծած տղամարդիկ. լուսանկարներ

Նախարարությունների շենքի դիմաց լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը պարզելու համար նախաքննական մարմինը հրապարակել է կասկածյալների լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները` ապրիլի 19-ին ՀՀ կառավարության 3-րդ շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Այս մասին նշված է քննչական կոմիտեի կայքում։

Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նախարարությունների շենքի մոտ լուսանկարահանումներ կատարելիս ենթարկվել է հարձակման։ Քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա և բռնություն գործադրել նրա նկատմամբ, ինչի հետևանքով լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մուրադյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Նա նաև նախաքննական մարմնին է ներկայացրել հնարավոր կասկածյալների լուսանկարները։

1 / 4
Կասկածյալները
2 / 4
Կասկածյալները
3 / 4
Կասկածյալները
4 / 4
Կասկածյալը

Նախաքննական մարմինը հարակից տարածքի տեսանկարահանող սարքերի միջոցով փորձում է պարզել հանցագործության պահին նույն տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների, Դավթաշեն վարչական շրջան տանող երթուղային «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունն ու մի շարք այլ հանգամանքներ:

Հիշեցնենք, ապրիլի 19-ին Տիրայր Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ինձ տանում են անհայտ ուղղությամբ»։

Դրանից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտարարել էր, որ Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն էր կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց, երբ քաղաքացիական հագուստով երկու անձինք հարձակվել են իր վրա, գցել գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածել, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Ոստիկանները, նրա վիճակի վրա ուշադրություն չդարձնելով, փորձել էին նրան բերման ենթարկել։