ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանը ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված կողմ է, այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հրապարակային բանավեճին:
«Ես չեմ ուզում մեկնաբանել այդ հարցը, որովհետև նմանատիպ դիսկուրսը վտանգավոր եմ համարում: Մենք հակամարտության մեջ ներքաշված կողմ ենք, ստորագրել ենք 1994 թվականի համաձայնագիրը ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը մշակել են երկու կողմերը՝ Արցախը և Ադրբեջանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բանակցող կողմ է, իսկ Վիգեն Սարգսյանը պնդել էր, որ Հայաստանի բանակցող կողմ չէ. հակամարտության կողմերն Արցախն ու Ադրբեջանն են:
«Ադրբեջանը հավակնություններ ունի և՛ Սևանի նկատմամբ, և՛ Զանգեզուրի: Նրանց այդ հայտարարությունները նոր չեն, ընդ որում ոչ միայն հայտարարում են, այլև գործողություններ են կատարում: Այդ տեսակետից մենք ներքաշված կողմ ենք: Բայց ակնհայտ է, որ հակամարտության հիմնական կողմերը Արցախն ու Ադրբեջանն են»,-ասաց Քոչարյանը: