Կառավարության նիստի հումորային հատվածը. լկտի ստից մինչև երջանկության մաղթանք

Կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն։ Հայտնի թևավոր արտահայտությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսքն ուղղելով ՀՀ ազգային վիճակագրության կոմիտեի պետ Ստեփան Մնացականյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀ ազգային վիճակագրության կոմիտեի պետ Ստեփան Մնացականյանն ու վիճակագրության պետական խորհրդի բոլոր անդամներն այսօր վերանշանակվեցին իրենց նույն պաշտոններում։ Որոշումը ընդունվեց կառավարության հերթական նիստում` միաձայն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այս որոշումը մեկնաբանեց վիճակագրության ոլորտը քաղաքական ազդեցությունից զերծ պահելու ցանկությամբ։

Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը

«Վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական ազդեցությունից, և մեր կառավարությունը մտադիր է այս խնդիրը լուծել»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև Հայաստանում պետական վիճակագրության նկատմամբ հանրության վստահությունն ավելացնելու անհրաժեշտությունը։

Ի պատասխան Ստեփան Մնացականյանը կատակեց. «Եթե բոլորն անվերապահորեն հավատան պետական վիճակագրությանը, դա կնշանակի` մենք արթնացել ենք կա՛մ Հյուսիսային Կորեայում, կա՛մ էլ ԽՍՀՄ-ում` 1937 թվականին»։

Նիկոլ Փաշինյանն էլ կատակին կատակով արձագանքեց. «Արևմտյան երկրներից մեկի վարչապետը մի այսպիսի արտահայտություն է արել` «Կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն»։ Ես հույս ունեմ, որ ՀՀ վիճակագրության կոմիտեն մեզ կհանի այս տրամաբանությունից»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ արտահայտությունը Հայաստանի վիճակագրության մասին չի արվել։

Փոխադարձ կատակներն այդքանով չավարտվեցին։ Ստեփան Մնացականյանը մեկ այլ հայտնի արտահայտություն հիշեցրեց, որի համաձայն` վիճակագիրների համար ամենամեծ երջանկությունը հասկացված լինելն է։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում»։

Ստեփան Մնացականյանը 2000թ.-2018թ.ապրիլի 9-ը զբաղեցրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի, ապրիլի 9-ից ` կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո` ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնը։