Ի՞նչ մտավախություններ ունի Արմեն Աշոտյանը

Պատգամավոր Արմեն Աշոտյանը խոսել է իր մտավախությունների մասին և առաջին անգամ համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը խոսել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի հնարավոր բացասական սցենարի մասին։

Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի առաջ ծառացել է անարխիայի և քաոսի առաջացման վտանգ, ինչի վկայությունն են շարունակվող ցույցերը։

Նիկոլ Փաշինյանը հորդորում է չփակել ճանապարհները և բացատրում է` ինչու

Խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի պատգամավորը կարծում է, որ երկրում կարող է կառավարման ավտորիտար ռեժիմ հաստատվել։

«Պոպուլիզմը կարող է այնպիսի մակարդակի հասնել, որը էրոզիայի ենթարկի պետական կառույցների աշխատանքը», — լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանը։

Պատգամավորը հույս ունի, որ քաղաքական իր կանխատեսումները չեն իրականանա։

Աշոտյանն անդրադարձել է նաև Փաշինյանի այն ասածին, որ պետք չէ լուրջ վերաբերվել լուրերին, թե ՀՀԿ-ն երկրում սաբոտաժ է նախաձեռնել։

«Սա այն դեպքերից մեկն է, երբ մեր տեսակետները համընկնում են։ Հիշեցնեմ` ՀՀԿ-ն այսօր խորհրդարանում միակ ընդդիմությունն է», — ասաց Աշոտյանը։

Նա ավելացրեց, որ ՀՀԿ-ի առաքելությունը բազմակարծություն և իշխանական բոլոր ճյուղերի հավասարակշռված աշխատանք ապահովելն է։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ սաբոտաժի մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն թույլ չի տա հարցերը նման ճանապարհով լուծել։

«Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելու օրվանից չի եղել մի դեպք, որ մենք` ՀՀԿ-ի ներկայացուցիչներս, մեր պարտականությունները վատ կատարենք կամ ընդհանրապես հրաժարվեինք դրանք կատարել», — ասաց Աշոտյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան իր տեսաուղերձում կոչ արեց քաղաքացիներին ժամը 15:00-ից հանրապետության տարածքում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։